Ղազարոս աղայան Ծույլ տղա

Թորոսի տղան մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ։

  • Ի՞նչ արհեստ սովրիմ, — փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց
    բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է
    փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ
    անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք — տաք պղնձին նաշադիր քսեմ,
    ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ:
  • Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ
    գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ
    կուզի լինի:
  • Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի
    ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ
    է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:
  • Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում, ամբողջ
    օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ
    վազվզել: Չէ´, այդ էլ բան չէ:
  • Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից
    կանչեմ — «Քար ու կի´ր տվե˜ք, ցե´խ ուղարկեցե˜ք, աղյո´ւս ձգեցե˜ք»: Այսպես կգոռամ և
    կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե
    հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդե՞մ:
    Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է:
  • Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ,
    ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ,
    թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ
    կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:
    1882